Պատմություն

ՀՀ վաստակավոր կոլեկտիվ՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ), հիմնադրվել է 1925թ. մարտին՝ Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից և տարիներ շարունակ ճանաչվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը: Այսօր այն հանդիսանում է Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն:

Տարբեր տարիներին նվագախումբը գլխավորել են Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանդին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Միքայել Տերյանը, Մարտին Ներսիսյանը, Ռուբեն Վարդանյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը, Վալերի Գերգիևը, Վահագն Պապյանը, Միքայել Ավետիսյանը և Լորիս Ճգնավորյանը: 2000թ. հոկտեմբերից ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:

ՀԱՖՆ-ի գործունեության հիմնական հանդիսավայրն է Արամ Խաչատրյան համերգասրահը: 1300 հանդիսականի համար նախատեսված այս սրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է` նախագծված Ալեքսանդր Թամանյանի կողմից:

Նոր հազարամյակ մուտք գործելով Մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ` Ֆիլհարմոնիկը միտված է բարձրացնելու ունկնդրի երաժշտական պատրաստվածությունը` կանոնավոր կերպով հանդես գալով դասական և ժամանակակից սիմֆոնիկ, ինչպես և օպերային երաժշտության համերգներով:

Իր հիմնադրման շրջանից՝ նվագախումբը կատարել է սիմֆոնիկ երկացանկի ծանրակշիռ մասը: Ֆիլհարմոնիկը լայնորեն ներկայացնում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ և պարբերաբար իր ծրագրերում ընդգրկում նոր գործեր, որոնք հետաքրքրություն են ներկայացնում ինչպես Հայաստանի, այնպես էլ հյուրեկ ունկնդիրների համար:

Նվագախմբի հետ ելույթ են ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախը, Սվյատոսլավ Ռիխտերը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Էմիլ Գիլելսը, Ռենատո Բրուզոնը, Սթիվեն Իսերլիսը, Միշա Մայսկին, Սերգեյ Նակարյակովը, Բորիս Բերեզովսկին, Նատալյա Գուտմանը, Ջուզեպե Ջակոմինին, Իզաբել Ֆաուստը, Ջուլյա Ֆիշերը, Պինխաս Ցուկերմանը, Գիդոն Կրեմերը, Յուրի Բաշմետը, Պլաչիդո Դոմինգոն և այլ հրավիրյալ արտիստներ, ինչպես և հայ առաջատար մենակատարներ և երիտասարդ խոստումնալից երաժիշտներ:

Նվագախմբի ելույթները ղեկավարել են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Վիլլի Ֆեռերոն, Ֆրանց Կոնվիչնին, Կուրտ Մազուրը, Վալերի Գերգիևը և այլ մեծանուն դիրիժորներ: Վ. Գերգիևը հինգ տարի եղել է ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը: ՀԱՖՆ-ի հետ սերտորեն համագործակցել են Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան, Ռոդիոն Շչեդրինը և այլ հայտնի կոմպոզիտորներ: Հեղինակային համերգներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Դմիտրի Կաբալևսկին, Քշիշտոֆ Պենդերեցկին և այլ կոմպոզիտորներ:

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և միջազգային հայտնի մենակատարների հետ համատեղ լավագույնս ներկայացնում է Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ավետ Տերտերյանի և շատ այլ անվանի հայ կոմպոզիտորների երաժշտությունը:

ՀԱՖՆ-ը նաև հայ երաժշտարվեստի յուրահատուկ դեսպանն է աշխարհում և մշտապես հյուրախաղերով հանդես է գալիս արտերկրում: Նվագախմբի հետ ելույթ են ունենում հայ անվանի մենակատարներ Սերգեյ Բաբայանը, Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Խաչատրյանը, Իզաբել Բայրաքդարյանը, Քիմ Քաշքաշյանը և այլք: 1989-ից ՀԱՖՆ-ը ակտիվորեն շրջագայել է ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Լյուքսեմբուրգում, Լիբանանում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իրանում, Կիպրոսում, Թուրքիայում, Ռուսաստանում, ԱՄԷ-ում: Տեղի են ունեցել հյուրախաղեր Ճապոնիայում (2008թ., 15 համերգ), Գերմանիայում և Սլովակիայում (2010թ.), 2014 և 2015թթ.-ին Իտալիայում, Գերմանիայում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում և սկանդինավյան երկրներում: 2016թ-ի հուլիսի 12-ին նվագախումբը համերգ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում «Սպիտակ գիշերների աստղեր» հայտնի փառատոնի շրջանակում: 2017-ին նվագախումբը հյուրախաղերով մեկնեց Իսպանիա և Գերմանիա: 2018-ին մեծ հաջողությամբ հանդես եկավ Բեռլինի հեղինակավոր Konzerthaus համերգասրահում: Վերջերս կայացել է ՀԱՖՆ-ի հյուրախաղերը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում 2019թ.-ի դեկտեմբերի 25-ից 2020թ.-ի հունվարի 10-ը՝ ընդգրկելով 10 համերգ 9 քաղաքներում: Հյուրախաղերը կազմակերպվել է Wray Armstrong Arts and Entertainment Ltd. ընկերության կողմից:

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ 90-ամյակի առթիվ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պարգևատրվել է «Երևանի զինանշան» հուշամեդալով:

2007 թվականից, յուրաքանչյուր աշուն, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացնում է Երևանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը, որին մասնակցում են և վարպետության դասեր անցկացնում համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտներ: 2020թ.-ին, COVID-19 համաճարակի պատճառով, փառատոնի 14-րդ համերգաշրջանը տեղափոխվեց 2021թ.: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:

ՀԱՖՆ-ը թողարկել է ավելի քան 40 ձայնասկավառակ, որոնց թվում են «Հայկական ռապսոդիա»-ն (2011թ. շվեդական BIS ֆիրմա) և Մոցարտի Դաշնամուրի կոնցերտները՝ KV 238 և 415, «Ֆիգարոյի ամուսնությունը» և «Դոն Ժուան» օպերաների նախերգանքները (2014թ., գերմանական OEHMS Classics ֆիրմա): Ձայնասկավառակներն արժանացել են միջազգային քննադատների բարձր գնահատանքին: 2017-ին ԱՄՆ-ում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ, հատուկ հրատարակությամբ թողարկվեց «Մոցարտ-Կոմիտաս-Խաչատրյան» ձայնասկավառակը 10.000 օրինակով: Նոր ձայնասկավառակը, որն այժմ հետարտադրական փուլում է, ներառում է Չայկովսկու թիվ 6 և Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիաները, որոնք ձայնագրվել են DakApp-ի (Իսպանիա) կողմից:

2021-ի հունվարից, Բեթհովեն-250 նախագծի շրջանակներում ՀԱՖՆ-ը իրականացնում է Մեծ կոմպոզիտորի ինը սիմֆոնիաների աուդիո և վիդեո ձայնագրություններ 4K որակով, որն աննախադեպ է, քանի որ երբևէ չի ձայնագրվել նրա բոլոր՝ ինը սիմֆոնիաները նախկին ԽՍՀՄ երկրների, ինչպես նաև Ճապոնիայի, Կորեայի, Չինաստանի և Ավստրալիայի նվագախմբերի կողմից: Կթողարկվի ձայնասկավառակների արկղ, ինը սիմֆոնիաները կհրապարակվեն էլեկտրոնային հարթակներում, դրան զուգահեռ կհրապարակվեն նաև Խաչատրյանի և Չայկովսկու սիմֆոնիաները՝ բարձրացնելով նվագախմբի միջազգային կարգավիճակը:

Բազմաթիվ հայտնի միջազգային մասնագետներ նշում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անընդհատ աճող կատարողական մակարդակը` հաշվի առնելով իր նրբագեղ հնչեղությունը, տպավորիչ լարային կազմը և խարիզմատիկ գեղարվեստական ղեկավարին: