Պատմություն

Արամ Խաչատրյան համերգասրահը Երևանի ճարտարապետական գոհարներից է: Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն ի սկզբանե այն նախագծել է ձմեռային և ամառային դահլիճների տեսքով` երկու ամֆիթատրոններով, որոնք բաժանված կլինեին իրենց բեմերով: Հատուկ առիթներով այս երկու բեմերը և դահլիճները պիտի միավորվեին` կազմելով 3000 հանդիսականի համար նախատեսված սրահ. ներկայումս Թամանյանի նախագծած շինության կեսը զբաղեցնում է Երևանի օպերային թատրոնը, իսկ մյուս կեսը` Արամ Խաչատրյան համերգասրահը:

Շինության նախագիծը և մակետը 1937թ. ներկայացվեցին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և արժանացան գլխավոր մրցանակի (Ոսկե մեդալ): Ցավոք, տեխնիկական խնդիրները և առկա պայմանները, ինչպես նաև 1936թ. Թամանյանի անսպասելի մահը կանխեցին նախագծի լիարժեք իրականացումը:

Սկսվեց Համաշխարհային պատերազմը և շինարարությունը կանգ առավ: Պատերազմի ավարտից հետո շենքի կառուցման պատասխանատվությունը հանձն առավ ճարտարապետի որդին՝ Գևորգ Թամանյանը: Երկրորդ փուլում, ամառային թատրոնի կառուցման ընթացքում, երբ ավարտված էր նրա երկաթ-բետոնե կմախքը, հանձնարարություն եղավ շենքի այդ մասը դարձնել համերգային դահլիճ, որն իր դռները բացեց 1953թ.-ի մայիսի 17-ին, Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճ անվան տակ, որը չփոխեց շենքի բարձր վարպետությամբ կերտված ծավալատարածական կերպարը:

Հետագայում, 1979թ.-ին, Հայկական Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է հայ նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատրյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա անունը շնորհել Հայֆիլհարմոնիայի Մեծ համերգասրահին:

1981-1983թթ. շենքը լիովին վերակառուցվեց և նորացվեց: Հետագայում ենթակա կառույցները և հանդերձասենյակները վերանորոգվեցին հայկական մարմարով և էլեգանտ փայտով: Համերգասրահը վերակազմվեց նոր նստարաններով, փոխվեցին հին լուսամփոփները, բեմը վերազինվեց ժամանակակից հարմարանքներով:

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահը նախատեսված է 1276 հանդիսականի համար: Այլ նշանավոր կառույցների պես շենքի սկզբնական տեսքը նշանակալից փոփոխություններ կրեց: Նախասրահի բացառիկ հատակը, նախագծված լինելով որպես համերգասրահի զարդ, ի սկզբանե մտածված էր որպես երկշերտ ապակե կոմպոզիցիա: Մի շերտը պետք է ծառայեր որպես համերգասրահի հատակ և պետք է ձևավորված լիներ հայկական գորգի նմանությամբ: Մյուսը պետք է լիներ նեքևում գտնվող սրճարանի առաստաղը և պատած լիներ հատուկ ապակիով (corporeal, flesh-colored glass): Երկու շերտերի միջև պետք է տեղադրված լինեին սրճարանի տարածքը լուսավորող լուսամփոփներ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության պատճառով այս նախագծից ստիպված եղան հրաժարվել:

Համերգասրահի առջևում գտնվում է Արամ Խաչատրյանի արձանը (հեղինակ` Յուրի Պետրոսյան), որը տեղադրվել է 1999թ.-ի հունիսի 6-ին` կոմպոզիտորի ծննդյան առիթով: Այս քանդակը լրացնում է Ֆրանսիայի հրապարակի տպավորիչ տեսարանը: